Ֆրանսիական «Օրանժ» ընկերությունը որոշել է հեռանալ Հայաստանից և բանակցություններ է վարում «Յուքոմ» ընկերության հետ իրեն պատկանող «Օրանժ Արմենիան» վաճառելու նպատակով՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը: Նա բանակցությունների վերջնաժամկետ չնշեց, չասաց նաև, թե ինչ գումարով է վաճառվելու ընկերությունը՝ պատճառաբանելով, որ բանակցությունները շարունակվում են:
Լրագրողների հարցին՝ ինչո՞ւ «Օրանժը» որոշեց վաճառել իր հայաստանյան դուստր ձեռնարկությունը և հեռանալ երկրից, Ժելիբտերը պատասխանեց՝ հեռահաղորդակցության միջազգային շուկայի միտումն է՝ ընկերություններն իրենց հաճախորդներին առաջարկում են չորս ծառայություն մեկ փաթեթում՝ բջջային կապ, ֆիքսված հեռախոսակապ, ֆիքսված ինտերնետային կապ և կաբելային հեռուստատեսություն, և հաճախորդը վճարում է մեկ գին՝ չորս ծառայությունների դիմաց: «Այսօր, «Օրանժ Արմենիա»-ն ընդունակ չէ առաջարկել այդ չորս ծառայությունները մեկ փաթեթում: «Յուքոմ»-ին «Օրանժ Արմենիա»-ի բաժնետոմսերի վաճառքն ունի երկու նպատակ. առաջին՝ հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտում ստեղծել հայաստանյան ազդեցիկ ընկերություն, որը գործարքից հետո կզբաղեցնի հեռահաղորդակցության ողջ շուկայի մոտ 20 %-ը, երկրորդ՝ փոխլրացնող կարողությունների համադրմամբ հնարավորություն կառաջանա հաճախորդներին առաջարկել նշված փաթեթը»,- մանրամասնեց Ժելիբտերը :
Ինչո՞ւ «Օրանժը» որոշեց չստեղծել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետի ու կաբելային հեռուստեսության իր ցանցը, այլ նախընտրեց սեփական բջջային ցանցը վաճառել «Յուքոմ»-ին հարցին ի պատասխան Ֆրանսիս Ժելիբտերը նշեց, թե խնդիրը հայաստանյան շուկայում «Օրանժ»-ի փոքր մասնաբաժինն է, որ չի կարող ներդրումները հետ բերել ու հետագայում շահույթ ապահովել: «Օրինակ, «Օրանժ Մոլդովան» զբաղեցնում է տեղի շուկայի 62 %-ը, իսկ «Օրանժ Արմենիան» զբաղեցնում է այստեղի բջջային կապի շուկայի 17-18 %-ը: Խնդիրը Հայաստանի շուկայի հետ չէ, խնդիրն այն է, որ չնայած անցած 5 տարիներին մեր բաժանորդների թիվը հասավ 650 հազարի, սակայն այսօր հայաստանյան շուկայում մենք չունենք այն չափաբաժինը, որը մեզ թույլ կտար շարունակել մեր գործունեությունը»,-շարունակեց «Օրանժ Արմենիա»-ի գլխավոր տնօրենն ու հավելեց․ «Որպեսզի գնեինք «Յուքոմ»-ը, պետք է վաճառքի հանվեր»:
«Յուքոմ»-ը պատկանում է Հայաստանում ամենահարուստ պաշտոնյաներից մեկի՝ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի հարազատներին: «Օրանժ»-ի ներկայացուցիչը հավաստիացրեց՝ Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ճնշում չի եղել «Օրանժ Արմենիան» «Յուքոմ»-ին վաճառելու հարցում: «Յուքոմ»-ը ինքն է առաջարկել գնել «Օրանժ Արմենիա»-ն: Նման տեխնիկական հնարավորություններ ունեցող ընկերություններ այս պահին Հայաստանում ընդամենը երկուսն են՝ «Յուքոմ»-ից բացի, կա նաև հյուսիսային մեկ ընկերություն
(«Ռոստելեկոմը»), և իրենք որոշել են պայմանավորվել հայկական ընկերության հետ:
«Օրանժ Արմենիա»-ի պաշտոնական կայքէջի համաձայն, ընկերությունը Հայաստանում բջջային կապի և ինտերնետի ծառայություններ սկսեց մատուցել 2009 թ. նոյեմբերի 5-ից: Մինչ այժմ ընկերությունը կատարել է 277 միլիոն եվրոյի ներդրումներ՝ ներառյալ 51 միլիոն եվրո լիցենզիայի ձեռքբերման համար: Անցած տարիներին «Օրանժ Արմենիա»-ն մշտապես գործել է վնասով՝ 2015-ի մարտի 31-ի դրությամբ ընկերության նախորդ տարիների ընդհանուր վնասը կազմել է 184,6 միլիոն եվրո: